Հակիրճ ամփոփում 2014 թվականի հունիսի 23-ին ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ դրսեւորած գործողությունների մասին

2014 թվականի հունիսի 23-ին ժամը 12:30-ի սահմաններում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22) էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման դեմ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 30 քաղաքացի:

Ինչպես հաղորդել է ՍիվիլՆեթի թղթակիցը, ոստիկանները փակել են Սարյան-Ֆրիկ փողոցների խաչմերուկը` արգելելով ակցիայի մասնակիցներին մոտենալ շենքին, քանի որ ոստիկանների պնդմամբ` ՀԾԿՀ շենքը ռազմավարական նշանակություն ունի:

Ոստիկանության գործողությունների դեմ բողոքելով՝ քաղաքացիները փակել են Սարյան փողոցը՝ նստելով գետնին: Ինչին ի պատասխան ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով, ակցիայի մասնակիցների մեծ մասին բերման ենթարկեցին (մոտ 27-29 անձ):

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներին բերման ենթարկելու համար փողոցում քաշ տալով և ծեծելով քաղաքացիներին նստեցրել են ոստիականական ավտոմեքենաները:

Ոստիկաններից մեկը` Խաչիկ Հովակիմյան անունով, դիմելով իր «գործընկերներին» և մատնացույց անելով հավաքի մասնակիցներին` հայտարարել է. «Սրանց կատոկ անելով տարեք»:

«Ես եկա, տեսա՝ Արա Կարագյոզյանը ճաղերին հենված էր, հարցրի՝ ինչ ա եղել, ասաց՝ գլխին ու սրտին են հարվածել։ Ցնցումների մեջ էր։ Իսկ էն ոստիկանը, որ հարվածել էր իրեն, կանգնել կողքին, լացում էր։ Ասում էր՝ տանեմ հիվանդանոց, բայց մինչեւ խփելը պետք ա մտածեր։ Զանգեցին «Շտապօգնություն», բավականին ուշ եկավ»,- ասաց ակցիայի մասնակից Նարինե Պողոսյանը:

Ոստիկանները բերման են ենթարկել նաեւ օպերատոր Սարգիս Գեւորգյանին, ով ոստիկանության բաժանմունքից հեռախոսով հայտնել է, որ ներսում իրեն հարվածել են ու գցել են գետնին:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը պնդել է, որ իրեն ոստիկան է հարվածել քաշքշոցի ժամանակ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից ՍիվիլՆեթին տեղեկացրել են, որ բերման է ենթարկվել 27 քաղաքացի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Հոդվածով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 դրամ) :

Ժամը 3։40-ի դրությամբ ոստիկանության Կենտրոն բաժնի մոտ փաստաբան Ավագ Լալայանին և ՄԻՊ արագ արձագանքման վարչության պետին ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժին:

Բերման ենթարկված քաղաքացիներին բաց են թողել սահմանված 3 ժամից ավելի ուշ` մոտ 5 ժամ անց :

Հակիրճ ամփոփում 2014 թվականի հունիսի 23-ին ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ դրսեւորած գործողությունների մասին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հայտարարությունը ոստիկանության գործողությունների վերաբերյալ