ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ «ՆՊԱՍՏԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐՔԻՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը՝ «Հանրային քաղաքականության մշակման ուկրաինական ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ միասին, Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 2013թ. հունիսի 1-ից սկսել է իրականացնել «Նպաստել դատական անկախությանը՝ դատական համակարգի ներքին գնահատման համակարգի ձևավորման միջոցով» ծրագիրը:
Ծրագիրը միաժամանակ իրականացվելու է Հայաստանում և Ուկրաինայում: Ծրագրի շրջանակներում բացահայտվելու են դատական համակարգի ներքին մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրմանն առնչվող օրենսդրական բացերը, Հայաստանի Հանրապետությունում և Ուկրաինայի Հանրապետությունում դատական համակարգի ներքին մոնիթորինգի և գնահատման իրականացման վրա ազդեցություն ունեցող պրակտիկ խնդիրները: Ծրագրի միջոցով Հայաստանն ու ՈՒկրաինան հնարավորություն կունենան կիսել դատական համակարգի ներքին գնահատման իրենց փորձը, իսկ վերջնական արդյունքում կմշակվի միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգի մոնիթորինգի և գնահատման ներքին մեխանիզմ:
Ծրագրի թիրախ խմբերն ընդհանուր առմամբ հանդիսանում են Հայաստանի և Ուկրաինայի դատական համակարգերը, իսկ առավել կոնկրետ՝ դրանց վիճակագրություն վարող ու դատարանների գործունեության գնահատում իրականացնող մարմինները: ՀՀ-ում այդպիսի կառույցներ են հանդիսանում ՀՀ դատական դեպարտամենտը, ՀՀ վճռաբեկ դատարանը և Դատարանների նախագահների խորհուրդը:
Ծրագիրն իրականացնելու համար հիմք հանդիսացան Հայաստանի դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները: Այսպես, ԵՄ/Եվրոպայի խորհուրդը 2011թ-ից մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրներում դատական բարեփոխումների վերաբերյալ իր ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու և ամրապնդելու դատական համակարգի բարեփոխումները՝ ուղղված Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում դատական համակարգերի անկախության, արդյունավետության և արհեստավարժության (պրոֆեսիոնալիզմի) բարձրացմանը:
Արևելյան գործընկերության երկրներում դատական բարեփոխումների ծրագրի շրջանակներում «Արդյունավետ դատական համակարգի» աշխատանքային խմբի զեկույցում Հայաստանին և Ուկրաինային առաջարկություններ են արվել՝ կարողությունների զարգացման նպատակով իրականացնել մոնիթերինգի և գնահատման համակարգի զարգացման համար անհրաժեշտ հինգ քայլեր: Միևնույն ժամանակ նույն զեկույցի միջոցով Եվրոպայի խորհուրդն իր մտահոգություններն է հայտնել՝ կապված Հայաստանում և Ուկրաինայում դատական համակարգերի գործունեության բարելավման համար ժամանակակից միջոցների զարգացած չլինելու վերաբերյալ:
Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է Եվրոպայի խորհրդի և աշխատանքային խմբի հետ համատեղ աշխատանք՝ չափանիշների և գնահատման համակարգի ներդրման համար, որը կգոհացնի բոլոր կողմերին:
Ծրագրի տևողությունը կազմում է չորս ամիս` 2013թ. հունիսի 1-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝ Հայաստանում և Ուկրաինայում առկա դատական համակարգի գնահատման և մոնիթորինգի սխեմաների մանրամասն պատկերի, խնդիրների և թերություննորի հետազոտություն, Հայաստանի և Ուկրաինայի դատական համակարգերի գնահատման և մոնիթորինգի վերաբերյալ օրենսդրության վերլուծություն, դատական համակարգի մոնիթորինգի և գնահատման մասին միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, Դատական համակարգի մոնիթորինգի և գնահատման համար առաջարկությունների և նախագծերի մշակում, շահառուների և գործընկեր կազմակրպության հետ հանդիպումների կազմակերպում:
Ծրագրի ավարտին նախատեսվում է Հայաստանում և Ուկրաինայում ներկայացնել Ծրագրի արդյունքները, որին կհաջորդի ծրագրի և աշխատանքային հանդիպումների արդյունքների ներկայացումը Եվրոպական Միությանը, Եվրոպայի Խորհրդին, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբին և Արևելյան գործընկերության անդամ պետություններին: