«ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ»

Без названия

Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին» թեմայով, որին մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն:

Իրավապահների կողմից ֆիքսված 461 ընտրախախտումներից մինչ օրս 17 դեպքի առնչությամբ է հարուցվել քրեական գործ:

«Տեղի է ունեցել հանրաքվե, որի ընթացքում ահազանգեր էին տարածվում նաև ԶԼՄ-ներով: Մեկ դեպքի առնչությամբ ներկայացվեց նույնիսկ քննչական մարմիններին, որը վերաբերում էր հանձնաժողովի անդամին կաշառելու փաստը արձանագրող տեսանյութին: Հիմա հարց եմ ուղղում. մենք ունե՞նք իրավապահ մարմինների կողմից, հանրաքվեի քարոզչության ընթացքում օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում սեփական նախաձեռնությամբ բացահայտված գեթ մեկ փաստ: Ոչ, չունենք»,-ասաց Սաքունցը:

Ըստ նրա՝ ընտրական հանձնաժողովները օրենքով սահմանված իրենց պարտավորությունների և լիազորությունների շրջանակում սեփական նախաձեռնությամբ որևէ գործողություն չեն իրականացրել հանրության մոտ ապահովելու համար վստահություն, որ իրապես նպատակադրված են անցկացնել ազատ և արդար պայմաններին համապատասխան հանրաքվե:

«Այն, ինչ որ մամլո ասուլիսին ներկայացրեցին իրավապահ մարմինների 3 ղեկավարները, ես համարում եմ ուշացած, կեղծիք, աչքակապություն և անգործության փաստ: Այն փորձերը, որոնք նպատակ ունեն ցույց տալու իբր արդյունավետ քննություն են անցկացնում ընտրախախտումների վերաբերյալ, ես համարում եմ աչքակապություն, որովհետև այս զանգվածային միջոցառման առանձին էպիզոդներով քննության իրականցման միջոցով փորձ է արվում ամբողջ կազմակերպված հանցագործության էությունը կոծկել»,-ընդգծում է Սաքունցը:

Նա հավելում է, որ ընտրատեղամասերում ներկա գտնված Ոստիկանության ներկայացուցիչներն ու հանձնաժողովի անդմաները մատնված են եղել անգործության:

«Մենք պնդում ենք, որ ոչ թե արդյունավետ չէ, այլև բոլորովին կեղծ են այն գործողությունները և անհամարժեք այն կազմակերպված խախտումների բնույթին, որի դիմաց իրավապահ մարմինները փորձում են հիմա իբր քննություն իրականցնել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,-նշեց Սաքունցը:

Հայկուհի Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր տեղամասում կար Ոստիկանության հատուկ աշխատակից, որը ուղղակիորեն պատասխանատվություն է կրում տվյալ տեղամասում քվեարկության գործընթացի օրինական ապահովման համար:

«Մինչդեռ երբ այդ տեղամասերից ստացվում է ահազանգ խախտման վերաբերյալ, առաջինը քննության առարկա պետք է դարձնել ոստիկանության անգործությունը: Պարզ է դառնում, որ այժմ նպատակը ինչ-որ անձի պատասխանատվության ենթարկելը չէ, նույնիսկ եթե մեկ, երկու անձ պատասխանատվության ենթարկվի, միևնույն է ընտրական ողջ գործընացի կեղծված լինելը իրավական գնահատականի չի արժանանանլու: Մինչդեռ խնդիրը հանրաքվեի ողջ գործընթացը՝ որպես կեղծված, խախտումներով ընթացած գործըթնաց, պատշաճ իրավական գնահատականի արժանացնելն է»,-ասաց Հարությունյանը:

Դանիել Իոաննիսյանն ասում է, որ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, երեկոյան ժամը ութից հետո ընտրական տեղամասերի մուտքը Հրայր Մանուկյանին ծեծողների համար Ոստիկանության կողմից որևէ ձև չի խոչընդոտվել:

«Բայց փոխարենը բազմաթիվ դեպքերում Ոստիկանությունը խոչընդոտում էր վստահված անձանց, դիտորդների և լրագրողների մուտքը ընտրական տեղամաս: Դեպքերը իսկապես շատ են, բայց Ոստիկանությունն իր աշխատանքից գոհ է. Ոստիկանությունը ինքը ոչինչ չի արձանագրել այդ խախտումներից, դա բոլորը արձանագրել են լրագրողներն ու դիտորդները: 461-ից 160-ը կրկնաքվեարկության դեպքեր են եղել և դա հստակ հաղորդում է հանցագործության մասին: 123-ը վստահված անձի, դիտորդի կամ հանձնաժողովի լիազորությունների խոչընդոտումն է, որը նույնպես հանցագործություն է: 16 դեպք եղել է ծեծի, բռնության վերաբերյալ»,-նշում է Իոաննիսյանը:

Նա հավելում է, որ մի քանի հարյուր հանցագործությունների մասին հաղորդումներից 189-ի դեպքում արդեն մերժում է եղել, իսկ մնացածի համար մինչև հիմա չկա հարուցված քրեական գործ:

«Մենք ունենք հարյուրավոր ահազանգեր, հաղորդումներ հանցագործությունների մասին, բայց այս պահին կա ընդամենը 17 հարուցված քրեական գործ»,-նշեց Իոաննիսյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
https://www.youtube.com/watch?v=Yz8_I4aBEHE