ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 Թ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

Չնայած իշխանության հետևողական փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, ինչպես նաև 2008թ. ընտրակեղծարարությամբ ձևավորված իշխանության վերարտադրում և լեգիտիմացում, Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ արտահայտեցին իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը և բազմաթիվ քաղաքային և գյուղական համայնքներում ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը առավելության հասավ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Մենք, մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակված քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձևավորումը:

Քաղաքացիական կառույցների կողմից իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ ընտրական ողջ գործընթացը թե նախընտրական և թե քվեարկության փուլում ուղեկցվել են իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում տեղադրված տեսագրություններ: Ընտրական հանձնաժողովների անդամներն ուղղակիորեն մասնակից են դարձվել ընտրակեղծարարության գործընթացին, իսկ իրավապահ մարմինները դրսևորել են բացարձակ անգործություն կանխարգելելու և վերացնելու խախտումները: Մինչդեռ, ակնհայտ է, որ լայնածավալ ընտրախախտումները էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ինչի մասին են վկայում հենց պաշտոնական տվյալների վերլուծությունները, այդ թվում` դիտարկված և չդիտարկված տեղամասերում քվեարկության արդյունքների համեմատությունները:

Հարկ ենք համարում արձանագրել, որ ժողովրդավարության խթանման գործում ճանաչված միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականները չեն արտացոլում իրական ընտրական գործընթացները և մեծապես պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով: Նման գնահատականները հասարակության շրջանում անվստահություն են սերմանում ոչ միայն եվրոպական կառույցների դիտորդական առաքելությունների, այլև առհասարակ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ:

Ժողովրդավարական պետության հիմքում իշխանությունը ժողովրդի կողմից ձևավորելու հնարավորությունն է և ընտրական գործընթացների օրինավորության նկատմամբ քաղաքացիների վստահությունը: Հայաստանյան ընտրողների կարծիքը, ինչպես և փետրվարյան ընտրություններից հետո տեղ գտնող զանգվածային ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության դրսևորումները հերթական անգամ վկայում են, որ քաղաքացիները չեն հավատում ընտրությունների ազնվությանն ու արդյունքների օրինականությանը: Օրհասական համարելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը` պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները` հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը և ձևավորվող իշխանության լեգիմությունը: Հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն համարելու, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են` իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Համագործակցություն հանուն ժողովրդավարության
Կանանց աջակցման կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Մենք Պլյուս ՀԿ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ