2013թ.-ին մայիսի 17-ին, ՀՀ Փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Եվրոպական Միության արդարադատության համակարգը. Գիտելիքների անհրաժեշտություն և հնարավորություններ հայ իրավակիրառողի համար» թեմայով աշխատաժողովը: Այն կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց  սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ իրականացվող «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» ծրագրի շրջանակներում: Նախագծի հիմնական նպատակն է՝ նպաստել ՀՀ-ում Եվրոպական միության իրավունքի և Եվրոպական միության արդարադատության դատարանի (տեքստում նաև՝ Դատարան) վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան փոխգործակցության ամրապնդմանը:

Դասընթացին հրավիրված էին ՀՀ փաստաբանները ու Փաստաբանական դպրոցի ունկնդիրները: Դասընթացի օրակարգում էր Եվրոպական միության արդարադատության համակարգը՝ հանձինս ԵՄ Արդարադատության դատարանի: Աշխատաժողովը վարում էր ԻՊԱՍ-ի ԵՄ իրավունքի փորձագետ Արման Սարգսյանը, ով սկզբում հակիրճ խոսեց ԵՄ Արդարադատության դատարանի ստեղծման պատմության մասին, այնուհետև անդրադարձ կատարեց Դատարանի ներքին կառուցվածքին և կազմին: Դասընթացավարը ներկայացրեց Դատարանի առաքելությունը, ինչպես նաև մանրամասնորեն անդրադարձավ դատարան ներկայացվող հայտատեսակներին, դրանց ներկայացման կարգին և այդպիսի հայտեր ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին: Դասընթացի սկզբում մասնակիցների համար հստակ չէր դատարանի գործունեության հասանելիությունը Հայաստանի համար և դրա նախադեպերի կիրառելիությունը իրենց պրակտիկայում: Անգամ մի փոքր շփոթմունք կար Եվրոպական միության արդարադատության դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերերի, դրանց իրավասությունների ու գործառույթների վերաբերյալ: Սակայն արդեն դասընթացի ավարտին մասնակիցները համալրեցին իրենց գիտելիքները ԵՄ արդարադատության դատարանի իրավասության վերաբերյալ, հստակ պատկերացում ձեռք բերեցին, թե որ իրավական տիրույթում է գործում Դատարանը: Հարկ է նշել նաև, որ փաստաբանները քննարկեցին ու կարողացան գնահատել ԵՄ-Հայաստան գործընթացներում իրենց յուրօրինակ դերը, հատկապես ՀՀ-ում եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանող իրավակիրառ պրակտիկայի զարգացման ու անկախ դատական համակարգի կայացման գործընթացներում:

Դասընթացը բավականին ինտերակտիվ անցավ, քանի որ փաստաբանները բազմաթիվ հարցեր էին տալիս դասընթացավարին՝ քննարկման համար առաջադրելով տարաբնույթ հիմնախնդիրներ: Հանդիպման վերջում մասնակիցները շատ կարևորեցին աշխատաժողովը, քանի որ, իրենց գնահատմամբ, այն ակտուալ էր և ներկայացված էր մատչելի կերպով, ոմանք նկատեցին, որ իրենց հարցերին տրվում էին բովանդակալից ու համապարփակ պատասխաններ: Մասնակիցներից շատերը ցանկություն հայտնեցին մասնակցել Եվրոպական միության և ԵՄ իրավունքի վերաբերյալ կազմակերպվող այլ դասընթացների ու ծրագրերի:

Տեղեկացնենք նաև, որ վերը նշված նախագիծը հատկապես հարուստ է ուսուցանման իր միջոցառումներով, որոնց շրջանակում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Եվրոպական միության և ԵՄ Արդարադատության համակարգի վերաբերյալ աշխատաժողովների շարքը՝ նախատեսված հայ իրավակիրառողների և իրավունքի տեսաբանների համար: Կազմակերպված դասընթացը աշխատաժողովների շարքի առաջինն միջոցառումն էր: ԻՊԱՍ-ը գալիք ամիսների ընթացքում նախատեսում է անցկացնել ևս երեք դասընթաց՝ Եվրոպական միություն, ԵՄ կառույցներ ու ընթացակարգեր, մարդու իրավունքների եվրոպական չափանիշներ, ԵՄ իրավունք և ԵՄ արդարադատության համակարգ թեմաներով: Դասընթացների թիրախ լսարանն են ՀՀ դատավորներն ու դատախազները, իրավունքի դասախոսներն ու տեսաբանները, ՀԿ-ների ներկայացուցինչները, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցներ ու անձիք:

Նախագծի ուսուցանման բաղադրիչի շրջանակում՝ ԻՊԱՍ-ը մշակում է նաև ԵՄ իրավունքի վերաբերյալ առարկայական մի քանի ծրագիր, որոնք ՀՀ ԲՈՒՀ-երի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցության արդյունքում՝ ներառվելու են ԲՈՒՀ-երի ուսումնական պլաններում և այդուհետ դասավանդվելու է իրավունքի ապագա մասնագետներին: Այդպիսով վերջիններս հնարավորություն կստանան մասնագիտանալ Եվրոպական միության իրավունքի՝ Հայաստանի համար դեռևս նոր ոլորտում, ինչպես նաև հետագայում կարիերա զարգացնել այդ՝ հեռանկարային ու հնարավորությունների բազմազանություն առաջարկող ասպարեզում: