Նինա Հակոբյանի ելույթը «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումեր» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ

2019թ. ապրիլի 5-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովում կայացած «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումեր» թեմայով հանդիպման ընթացքում:

 

Ստորև ներկայացնում ենք Նինա Հակոբյանի ելույթը ամբողջությամբ.

2015 թվականին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումերի շրջանակներում մասնակից պետությունների հանձնարարականներում, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությանն առաջարկվել է.

  • ձեռնարկել միջոցներ, որպեսզի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխման ազգային մեխանիզմն ապահովված լինի արդյունավետ աշխատանքի համար բավարար ռեսուրսներով,
  • ապահովել խաղաղ հավաքների անցկացման իրավունքի հասանելիությունը բոլոր անհատների համար՝ առանց անհարկի սահմանափակումների:

Հիմնվելով մեր հետևողական գործունեության արդյունքների վրա՝  գտնում ենք,  որ Պետությունը չի ձեռնարկել բավարար քայլեր՝ արդյունավետորեն կատարելու իրեն տրված հանձնարարականների կատարումը՝ առնվազն խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության, դրանց հետագա կանխման, խաղաղ հավաքների անցկացման ազատության  իրավունքների ուղղությամբ:

Մասնավորապես՝  2015թ. հունիսի 23-ին Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաների, 2016 թվականի հուլիսի 17-30 տեղի ունեցած հավաքների ու երթերի, 2018 թվականի ապրիլի 13-23-ն անցկացված հավաքների ընթացքում տեղի են ունեցել խաղաղ հավաքների անցկացման իրավունքի լայնամասշտաբ խախտումներ՝ ոստիկանության կողմից անհիմն բերման ենթարկելու, անմարդկային վերաբերմունքի ու բռնության ենթարկելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ոստիկանության բաժիններում ընթացակարգային երաշխիքներ չտրամադրելու եղանակներով: Մեր Կազմակերպությունը գործընկեր փաստաբանների և կազմակերպությունների հետ մասսայական և աննախադեպ այդ խախտումների ընթացքում իրավականացրել է բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանություն։

Արձանագրվել են մարդու իրավունքների մասսաական խախտումների հետևյալ դեպքերը․

  • Անձինք առանց օրինական հիմքի բերման են ենթարկվել և ապօրինի պահվել ավելի քա 10-14 ժամ՝ առանց սննդի ու ջրի տրամադրման,
  • Անձանց չեն պարզաբանվել իրենց բերման ենթարկելու հիմքերը,
  • Անձանց չեն պարզաբանվել իրենց իրավունքները և պարտականությունները,
  • Անձինք զրկված են եղել անհապաղ զանգ կատարելու իրավունքից,
  • Փաստաբաններին արգելվել է մուտք գործել ոստիկանության բաժանմունքներ,
  • և այլն:

Այս զանգվածային խախտումներին համապատասխան իրավական, իսկ հեղափոխությունից հետո՝ քաղաքական գնահատական չի տրվել։

Ավելին՝  2015 և 2016 թվականներին կայացած  ոստիկանության գործողությունների օրինականության վերաբերյալ քրեական գործերը կասեցվել են։

Քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով։

Մինչդեռ.

  • Քննության առարկա չի դարձել այն հանգամանքը, թե ոստիկանության կողմից ինչու՛ են հատուկ միջոցներ կիրառվել բնույթով խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ,
  • Ինչու՛ ոստիկանները չեն հեռացրել կամ որևէ կերպ չեն կասեցրել հավաքի ժամանակ առկա սադրիչնեին և նրանց գործողությունները,
  • Ինչու՛ ոստիկանները չեն հեռացրել կամ որևէ կերպ միջամտել իրենց անմիջական ներկայությամբ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության դեպքերին,
  • Ինչու՛ են ոստիկաները հատուկ միջոցներ կիրառելուց հետո հետապնդել խաղաղ հավաքի մասնակիցներին և խոչընդոտել նրանց տրամադրվող բժշկական օգնությունը:

Փաստորեն, ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները կրել են համակարգային բնույթ, որի պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

Գտնում ենք, որ այս խնդիրը ոչ միայն իրավական, այլ քաղաքական գնահատականի և օրակարգի հարց պետք է դառնա, ուստի առաջարկում ենք.

  1. իշխանությունը ընդունի, որ
  • 2015, 2016 և 2018 թվականի վերոնշյալ հավաքներն իրենց բնույթով եղել են խաղաղ,
  • ոստիկանությունը միջամտել և խախտել է հավաքի ազատության իրավունքը,
  • Խախտվել են անձանց ազատության անձեռնմխելիության և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները,
  1. իշխանությունը ընդունի այն փաստը, որ արդունավետ քննություն չի իրականացվել այս դեպքերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
  2. իշխանությունը մշակի համապատասխան իրավական մեխանիզմ և իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկի ողջամիտ քայլեր՝ տրամադրելով փոխհատուցում ոչ միայն նյութական, այլ նաև բարոյական վնասների համար, որ յուրաքանչյուր քաղաքացի կրել է:

Այսպիսով, պետական իշխանությունը, ճանաչելով այս իրավունքների խախտումները և փոխհատուցելով քաղաքացիների կրած վնասները, կձևավորի վստահություն, կամրագրվի, որ նմանատիպ խախտումների և ոստիկանության ծառայակիցների անպատժելիության նկատմամբ պետությունը և հասարակությունը անհանդուրժող են և պահանջատեր, և որ ամենակարևորն է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, պետությունը իրապես կստանձնի քաղաքացիների իրավունքների երաշխավորի դերը: