Պետությունը, ճանաչելով իրավունքների խախտումները, կձևավորի տուժող քաղաքացիների վստահությունը իր նկատմամբ

Epress-ի կողմից կազմակերպված հաղորդաշարի ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը անդրադարձ է կատարել 2018թ. սեպտեմբերին նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքին, 2015թ. «Էլեկտրիկ Երևանի», 2016թ. հուլիսյան իրադարձությունների, 2018թ. ապրիլյան դեպքերի ընթացքում արձանագարված մարդու իրավունքների խախտումներին:

Հայկուհի Հարությունյանի խոսքերով, ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության, Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակը առնչվում է այն փաստերին, որ նրա կողմից 2018թ. ապրիլի 16-ին և 22-ին օգտագործվել է հատուկ միջոց, որի օգտագործման իրավունքը նա չի ունեցել: Հատուկ միջոց կիրառելու արդյունքում Երանոսյանը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից քաղաքացիական անձանց: Սակայն մեղադրանքի շրջանակը սահմանափակվել է միայն 2018թ. ապրիլի 16-ի դրվագով, մնացած բոլոր դրվագներով նույն 2018թ. ապրիլի դեպքերի վերաբերյալ որևէ կերպ նրա գործողությունները կամ անգործությունը քննության առարկա չեն դարձել: մի շարք հարցեր, թե ինչու՛ է այդքան ոստիկանական ուժ կենտրոնացվել, ո՛վ է տրամադրել հատուկ միջոցներ, ի՛նչ հիմքով, ի՛նչ հրահանգով են կիրառվել հատուկ միջոցներ, քննության առարկա չեն դարձել:

Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ առկա են եղել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, և միայն մեկ անձին փոքր դրվագով պատասխանատվության ենթարկելու փորձը երբեք չի փոխհատուցի բոլոր քաղաքացիների խախտված իրավունքները.

« … 2018թ. ապրիլյան դեպքերի ընթացքում միայն թեժ գիծ են ստացվել հազարից ավելի քաղաքացիների զանգեր, ովքեր անօրինական բերման են ենթարկվել և պահվել ոստիկանական բաժանմունքներում ավելի քան 10 ժամ, ենթարկվել են վատ վերաբերմունքի՝ ֆիզիկական բռնությամբ, ճնշումների, սպառնալիքների և արժանապատվությունը նվաստացնող վատ վերաբերմունքի տեսքով: Սա ժխտել նախաքննության մարմինը չի կարող, բայց թե ինչու սրա ուղղությամբ որակյալ և արդյունավետ քննություն չի իրականացվում, այս հարցի պատասխանը ակնկալում ենք ստանալ քաղաքական որոշում կայացնող մարմիններից»-ասաց Հ. Հարությունյանը:

Հ. Հարությունյանի տեղեկացմամբ  2015թ. «Էլեկտրիկ Երևանի», 2016թ. հուլիսյան իրադարձությունների (հուլիսի 18-30), 2018թ. ապրիլյան դեպքերի վերաբերյալ մի խումբ իրավաբանների կողմից ներկայացվել են գանգատներ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որոնք գրանցվել են վերջինիս կողմից:

Նրա խոսքերով ներկայացված փաստերը անհերքելի են և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը արձանագրելու է, որ տեղի են ունեցել պետության կողմից հավաքների ազատության, ազատ տեղաշարժի և ազատության անձեռնամխելիության, խոշտագումներից զերծ մնալու, իրավական պաշտպանության իրավունքի խախտումներ, և որ ամենավատն է, Հայաստանի Հանրապետությունը այս բոլոր դեպքերով պետության համար արդյունավետ պաշտպանություն չի արձանագրել:

Այս խախտումների փունջը հետհեղափոխական իշխանությունների համար պետք է անընդունելի լինի:

«Մենք առաջարկում ենք, որ սա ոչ միայն իրավական այլ քաղաքական գնահատականի և օրակարգի հարց դառնա: Առաջինը՝ հեղափոխական իշխանությունը իսկապես ընդունի և այն փաստերը, որ կան նախաքննության մարմինների զուտ իրավական միջոցներով ձեռքբերված տվյալների հիմքում ճանաչի այս բոլոր իրավունքների խախտումը հրապակային կերպով: Այնուհետև, մշակվի ճանաչման գործընթացի իրավական գործընթացին համարժեք փոխատուցում տրամադրելու մեխանիզմ, երբ ինքը իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար ողջամիտ քայլեր ձեռնարկի: Այս նույն պահանջները, միևնույն է, առաջադրվելու են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից: Մեր առաջարկած հաշտեցման տարբերակը  այս պահին ավելի ողջամիտ է: Մենք, ունենալով մի իրավիճակ, որ պետությունը, ճանաչելով իրավունքների խախտումները, կձևավորի տուժող քաղաքացիների վստահությունը իր նկատմամբ, կամրագի, որ նման խախտումների նկատմամբ մենք անհանդուրժող ենք, ոստիկանության պատժելիության նկատմամբ կձևավորվի խիստ պահանջատեր վերաբերմունք, և որ ամենակարևորն է՝ քաղաքացիները իսկապես իրենց պաշտպանված կզգան՝ ստանալով փոխատուցում ոչ միայն իրենց կրած նյութական, այլ նաև հոգեբական և բարոյական վնասների համար: Հեղափոխական իշխանությունների կողմից դրսևորվող պասիվ վարքագիծը տարակուսանքի տեղիք է տալիս: Արդյոք մենք շարունակում ենք զարգացումը մարդու իրավունքների սկզբունքների նկատմամբ հարգանք ձևավորելով, թե մենք շարունակում ենք անտեսել և մի քիչ էլ հովանավորյալ վերաբերմունք դրսևորել ոստիկանության նկատմամբ, նրանց ծառայություններից օգտվելով՝ ներել այլ բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել նախկին իշխանությունների կողմից»:

Հայկուհի Հարությունյանը, եզրափակելով իր խոսքը, կոչ արեց գործող իշխանություններին՝ ձեռնարկելու հաշտեցման միջոցներ բոլոր այն քաղաքացիների հետ, որոնք տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից.

«Հակառակ դեպքում մենք ունենալու ենք 55 և ավելի գործերով որոշումներ՝ կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որտեղ բոլոր խախտումները արձանագրվելու են»-ասաց Հ. Հարությունյանը: