ԻՊԱՍ նախագահ Հայկուհի Հարությունյանին շնորհվեց «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը

2019թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության» արարողությունը:

«Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար:

Իր ելույթում Հայկուհի Հարությունյանը նշեց. «Մրցանակը այն խոսուն պատասխանն է, որ վերջապես ես կարող եմ տալ բոլոր այն մարդկանց, ոստիկանության աշխատակիցներին, թե ինչ գործ ունեի ես ավելի քան երկու շաբաթ ոստիկանության տարբեր բաժիններում, երբ բոլորը ՀՀ-ում հեղափոխություն էին անում: Դա էր այն արժեքը իսկապես, որի համար ես սպառեցի օրեր և գիշերներ արդարադատությունը հասանելի և մատչելի դարձնելու բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր իսկապես կանգնել էին իրենց ազատության և անկախության համար պայքարի շեմին: Շատ ուրախ եմ, որ այդ պայքարը ամրագրվեց նաև այս մրցանակով և  պետք է նշել, որ այսուհետ արդարադատությունը հասանելի է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն և ակնկալիքը, որ  այն դառնալու է մեր իրականությունը այսուհետ իրականում արդեն առկա է»:

Ինչի մասին կպատմեր այս մրցանակը, եթե կարողանար խոսել: Մրցանակը կպատմեր իմ անցած 15 տարիների մասին, որոնք անցել են այդ նույն  ոստիկանական բաժանմունքների, բանտերի, հոգեբուժարանների, բոլոր այն  փակ և կիսափակ հաստատությունների միջով՝  հազարավոր անձանց իրավական աջակցության, բազմաթիվ հարյուրավոր բողոքների միջոցով, որոնք ներկայացվել են ներպետական և միջազգային դատարաններ:

Մրցանակը կպատմեր նաև այն չարչարանքների և փորձությունների մասին, որոնց հետ  մենք առնչվել ենք այդ բոլոր մարդկանց հետ: Ուզում եմ, որ այս մրցանակը լինի բոլոր այն անձնաց համար, ովքեր չեն երկնչել, չեն վախեցել  և իսկապես արդարադատությունը դարձրել են մեզ համար իրականություն:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողություն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանում Եվրոպայի միության պատվիրակությունը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, Հայաստանում Միացյալ Թագավորության և Հարավային Իռլանդիայի դեսպանատունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում գործունեություն ծավալող անհատներին և աշխատանքային խմբերին հանձնեցին նաև այլ անվանակարգերում մրցանակներ:

Տեղեկացնենք, որ 2012 թվականից ի վեր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողությանը կարևորում է Հայաստանի քաղաքացիական և քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նշանակալի ներդրումը մարդու իրավունքների և ազատությունների խթանման գործում: