ԻՊԱՍ-ը կարծիք է ներկայացրել ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հատուկ զեկուցողին

2018թ. նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի  16-ը Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի գծով  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Վուլեն այցելությամբ գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում հանդիպել է շահագրգիռ մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հատուկ զեկուցողի այցի նպատակն է եղել պարզել, Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների պաշտպանության վիճակը, պետության կողմից ձեռնարկված միջոցառումները դրանց երաշխավորման ուղղությամբ, ինչպես նաև առկա խնդիրները: Այցի արդյունքներով Հատուկ զեկուցողի կողմից կպատրաստվի զեկույց, որը կներկայացվի 2019թ. հունիսին` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:

Պարոն Վուլեի հետ հանդիպմանը մասնակցել էր նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Արաքս Մելքոնյանը:

Ի լրումն հանդիպման ընթացքում ներկայացված խնդիրների՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից Հատուկ զեկուցողին ներկայացվել է կարծիք՝ կազմակերպության գործունեության ընթացքում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքներին առնչվող խնդիրների և խախտումների վերաբերյալ:

Ներկայացված կարծիքում տեղ են գտել 2015թ. հունիսին «Էլեկտրիկ Երևան» շարժման, 2016թ. հուլիսի 17-31,  ինչպես նաև 2018թ ապրիլի 16-23 Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանության խնդիրները և ՀՀ իրավապահ մարմինների կողմից կատարված իրավախախտումները:

Մասնավորապես, նշվել է հավաքների մասնակիցների ազատության իրավունքի խախտումների ու անօրինական քրեական հետապնդումների, ֆիզիկական բռնության և վատ վերաբերմունքի այլ տեսակների կիրառման, հատուկ միջոցների ոչ իրավաչափ գործադրման վերաբերյալ փաստերը, այդ թվում՝ անչափահասների խաղաղ հավաքների իրավունքի արձանագրված խնդիրները: Ներկայացվել են նաև խաղաղ հավաքների ազատության պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության վերաբերյալ արձանագրված խնդիրները և դիտարկումները:

Բարձրացվել են նաև միավորումների ազատության իրավունքի հետ կապված հիմնախնդիրները, մասնավորապես՝ կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Կարծիք խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների վերաբերյալ