ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ցմահ դատապարտյալ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման

2018 թ.-ի նոյեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել, որով մերժել է ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման պաշտպան Արաքս Մելքոնյանի վերաքննիչ բողոքը:

Ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելով՝ առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու և դատապարտյալ Յուրի Սարգսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին նոր դատական ակտ կայացնելու իրավաչափ հիմքեր չկան:

Յուրի Սարգսյանի պաշտպան Ա. Մելքոնյանը իր կողմից ներկայացված բողոքում նշել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել Յուրի Սարգսյանի կողմից պատժի կրման ընթացքում դրսևորված վարքագծի և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու համար:

Վերաքննիչ քրեական դատարանը, իր որոշման մեջ շեշտը դնելով Յուրի Սարգսյանի կողմից կատարված հանցագործությունների բնույթին ու վտանգավորության աստիճանին, կարգապահական խախտումների քանակին, անձը բնութագրող հանգամանքներին, հանգել է եզրակացության, որ «գործի փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ հիմք չեն տալիս եզրակացություն անելու առ այն, որ Յուրի Սարգսյանն այլևս նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, և վերը նշված հանցագործությունների համար նշանակված պատժի հետագա կրումից դատապարտյալ Յուրի Սարգսյանին ազատելու միջոցով կապահովվի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիությունը»:

Դատարանը գտել է, որ պատժի կրման ընթացքում Յուրի Սարգյսանը ըստ էության չի դրսևորել պատշաճ վարքագիծ, և Յուրի Սարգսյանի կողմին նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է: Մասնավորապես, ըստ վերաքննիչ քրեական դատարանի՝ թեև առկա են դատապարտյալին դրական բնութագրող որոշ փաստական տվյալներ, այնուհանդերձ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում դրևսորած վարքագիծը և նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները իրենց համակցության մեջ վկայում են վեր նշված հետևության իրավաչափության մասին:

Այդուամենայնիվ, ըստ Արաքս Մելքոնյանի՝ դատապարտյալ Յուրի Սարգսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով պատշաճ հիմնավորում դատարանի կողմից չի բերվել:
Շեշտը դրվել է նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթի վրա, ինչը թեև էական է, սակայն անձի վտանգավորությունը փոփոխական է, և այն պետք է գնահատվի կոնկրետ տվյալ պահին: Առավել ևս, երբ խոսքը գնում է մոտ 25 տարի առաջ կատարված հանցագործությունների մասին: Ներպետական դատարանների կողմից հղում է կատարվել Յուրի Սարգսյանի ստացած 6 կարգապահական տույժերին, որոնցից վերջինս նա ստացել է մինչ 2011թ.:  Հաջորդող 7 տարիների ընթացքում նա որևէ կարգապահական խախտում թույլ չի տվել, ինչը նշանակում է, որ նրա վարքագծում դրական փոփոխություններ են առկա, ինչը դատարանների կողմից չի գնահատվել: Մինչդեռ, խիստ կարևոր և անհրաժեշտ է անձի վարքագծի փոփոխության դինամիկան հաշվի առնելը:

Անհասկանալի և անհիմն է Յ. Սարգսյանի  կողմից հետագայում նոր հանցանքների կատարման հավանականության մասին դատարանի եզրահանգումը: Այստեղ նույնպես անձի ռիսկայնության գնահատում տեղի չի ունեցել, ու դատարանն անհիմն ենթադրությամբ հանգել է հետևության, որ նոր հանցանքի կատարման ռիսկը բարձր է: Մինչդեռ, Յ. Սարգսյանն ունի ողջամիտ հնարավորություններ հասարակությունում վերաինտեգրվելու համար. ունի ընտանիք, աշխատանքի հնարավորություն, բարձրագույն կրթություն, ապագա պլաններ, որոնք դատարանի կողմից պատշաճ գնահատման չեն ենթարկվել:

 

Ավելին, պատժից  պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը ենթադրում է, որ անձի վրա դրվում են մի շարք պարտականություններ, որոնք նա պարտավոր է կատարել փորձաշրջանի ողջ ընթացքում: Ցմահ դատապարտյալների դեպքում փորձաշրջանը 10 տարի է, ինչը բավականին երկար ժամանակ է անձի համար ինքնադրսևորվելու, վերաինտեգրվելու և ապացուցելու, որ վերջինս կարող է լինել հասարակության լիարժեք ու օգտակար անդամ: Իսկ պայմանների խախտման, առավել ևս նոր հանցանք կատարելու դեպքում անձի պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է վերացվել:
Ավելին, ինչպես ցույց է տալիս միջազգային պրակտիկան, հատկապես երկարաժամկետ ու ցմահ դատապարտյալների դեպքում ազատության մեջ կատարված կրկնահանցագործությունների թիվը խիստ ցածր է:

 

Տեղեկացնենք, որ 2018թ. ապրիլի 13-ին առաջին ատյանի դատարանի կողմից որոշում է կայացվել դատապարտյալ Յ. Սարգսյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել:

2018թ.-ի մայիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: