ԻՊԱՍ-ի կարծիքը «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով սահմանված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

2014 թվականին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հանդես էր եկել կարծիքով՝ ուղղված նույն թվականին նախատեսված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Կազմակերպությունը վերստին հաստատում է իր դիրքորոշումը, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 2-րդ կետի փոփոխությունները հակասում են միավորումների ազատության վերահսկողության համաչափության պահանջներին և հանդիսանում է միջամտություն կազմակերպության գործունեությանը:

  1. Մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական վերահսկողությունը պետք է իրականացվի պետության կողմից բացառապես Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների և Կոնվենցիոն մարմինների վերանայումներին համապատասխան[1]: Այսինքն` այն պետք է լինի համաչափ և հետապնդի իրավաչափ նպատակ:
  2. Ընդհանուր սկզբունքի համաձայն` հանրային ֆինանսական աջակցություն ստացած կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն այդ միջոցների օգտագործման համար: Սա ենթադրում է, որ հասարակական կազմակերպությունները պետք է ողջամտորեն հաշվետվություններ ներկայացնեն իրենց կողմից ստացված և ծախսված գումարների վերաբերյալ: Այնուամենայնիվ, նման հաշվետվություններ ներկայացնելու պահանջը չպետք է անհարկի բեռ դնի կազմակերպությունների վրա` ներկայացնելու ծախսերի և գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ[2]:
  3. Գործող ներպետական օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունների բոլոր ծախսերը գրանցվում են հարկային մարմնի տվյալների բազայում, իսկ կազմակերպության ֆինանսական մուտքերը՝ բանկերի տվյալների բազայում: Այսինքն՝ պետության կողմից այդ տեղեկությունների հասանելիությունն արդեն ապահովված է, և արդյունավետ վարչարարության տեսանկյունից՝ պետությունը կազմակերպության վրա նույն տեղեկությունները նորից ներկայացնելու պահանջ չպետք է դնի:
  4. Կազմակերպության ֆինանսական և բովանդակային գործունեության կապակցությամբ լրացուցիչ հաշվետվությունների ներկայացման ուսումնասիրության իրականացումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դրա համար առկա են բավարար հիմքեր: Կասկածանքի հիման վրա ուսումնասիրության իրականացումն անթույլատրելի է և պետք է առկա լինեն ողջամիտ հիմնավորումներ[3]: Պետության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում չպետք է անհարկի կամ ոչ համաչափ բեռ դրվի հասարակական կազմակերպությունների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության լրացուցիչ տրամադրման համար:

Կազմակերպության կողմից ներկայացված այս գնահատականները դեռևս արդիական են ներկայումս նախատեսված փոփոխությունների համատեքստում և հակասում են ներկայացված միջազգային չափանիշներին:

Երրորդ կողմի միջամտությունը կազմակերպությունների փաստացի գործունեությանը պետք է խիստ հազվադեպ լինի և պետք է ուղղված լինի լուրջ խախտումների վերացմանը:

Նշվածի կապակցությամբ տեղեկացնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ կողմից ներկայացվել է «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: Փոփոխություններով նախատեսվում է օրենքով հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվությունների պայմանների ու ընթացակարգերի խստացում:

ՀՀ ԱՆ կողմից ներկայացված նախագծի փոփոխությունների համաձայն՝ անկախ տվյալ կազմակերպության տեսակից, բոլոր հասարակական կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ: Որպես փոփոխությունների հիմնավորում ներկայացվում է ՀԿ-ների կողմից հանրային հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը:

 

[1] Case of Koretskyy and others v. Ukraine, Application no. 40269/02, 3 April 2007, կետ 38

[2] Բացատրական զեկուցագիր CM/Rec(2007)14, Հանձնարարական Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներին Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Պարագրաֆ 62, Հոդված 114

[3] Բացատրական զեկուցագիր CM/Rec(2007)14, Հանձնարարական Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներին Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Պարագրաֆ 68, հոդված 122