Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Քրեակատարողական համակարգը «չի ներում» ներքին խնդիրները բարձրաձայնող դատապարտյալներին

2017 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Արմեն Մամիկոնյանի կողմից Արմավիր ՔԿՀ-ում օպերատիվ բաժնի աշխատակցին կաշառք տալու մեղադրանքի գործով հերթական դատական նիստը: Ա. Մամիկոնյանի շահերը դատարանում ներկայացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, փաստաբան Արաքս Մելքոնյանը և  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Ա. Մամիկոնյանը, դեռևս 2017 թվականի հունիսին տեղեկություն է հայտնել Արմավիր ՔԿՀ-ում հեռախոսների առուվաճառքի մասին՝ հայտնելով, որ ՔԿՀ օպերատիվ բաժնի աշխատակից Կ.Պ.-ի միջոցով հեռախոս է գնել և օգտագործել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Մամիկոնյանը ցուցմունք է տվել վկայի կարգավիճակում: Սակայն օրեր անց նրան իր իսկ հայտնած տեղեկությունների հիմքով մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք տալու համար: Մամիկոնյանի անվտանգությունը ապահովելու համար վերջինս տեղախփովել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Սույն քրեական գործը, ըստ էության վրա է հանում ՀՀ բանտերում տիրող կոռուպցիոն գործընթացները, ներքին հարաբերությունները և ամենակարևորը՝ խնդիրներ բարձրաձայնելու դեպքում դատապարտյալներին ճնշելու արատավոր պրակտիկան:

Այսպես, հատկանշական է, որ Արմեն Մամիկոնյանը որպես կաշառք տվող, այսօր հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, սակայն անհասկանալի պատճառներով իրավապահ մարմինները չեն կարողանում գտնել և պատասխանատվության ենթարկել բանտի այն պատասխանատու անձանց, ում միջոցով տեղի է ունենում հեռախոսների առուվաճառքը:

Ավելին, դեռևս հունիս ամսին Մամիկոնյանին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացրել է և «համոզել», որ այս գործով իրեն փաստաբան պետք չէ, հակառակ դեպքում իր դեմ նոր գործեր կհարուցվեն: Վարույթն իրականացնող մարմինը, փաստորեն, հավատարիմ մնաց իր խոսքին, և այսօր Ա. Մամիկոնյանին առաջադրվում է ևս երկու արհեստածին մեղադրանք:

Ինչպես այսօր նշեց Մամիկոնյանի պաշտպան Ա. Մելքոնյանը «Նուբարաշեն բանտում Մամիկոնյանի դեմ «կոլեկտիվ» բողոքներ են ներկայացվում տարբեր առիթներով, ինչը կատարվում է բանտի ադմինիստրացիայի իմացությամբ: Սրա միակ նպատակը դատապարտյալին ճնշելն ու պատժելն է: Ավելին, նման կերպ փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծելով կանխել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բողոքել բանտերում տիրող վիճակից: Ինչը կատարվեց Ա. Մամիկոնյանի հետ, ով խոսեց կաշառքի մասին և այսօր ամբողջ քրեակատարողական համակարգը դուրս է եկել նրա դեմ»:

Փաստաբանները նշեցին նաև, որ «Նուբարաշեն»  ՔԿՀ-ում Մամիկոնյանը պահվում է պատժախցում, բավականին վատ պայմաններում, ընդ որում, սահմանված ժամկետը լրացել է, սակայն վարչակազմը նրան խուց չի տեղափոխում՝ պատճառաբանելով, որ  խցակիցները վերջինիս հետ մնալ չեն ուզում, իսկ այլ խուց չկա:

Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:

INTERESTING POSTS