images

 

ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով.

ԻՊԱՍ-ը 2013 թվականի հունվարից Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն աջակցությամբ սկսում է «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագիծը: Նախագծի հիմնական նպատակն է՝ նպաստել ՀՀ-ում Եվրոպական Միության (ԵՄ) իրավունքի և Արդարադատության Եվրոպական դատարանի (ԱԵԴ) վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը հանրային իրազեկման տարաբնույթ միջոցառումների միջոցով: Նախագծի հիմնական բաղադրիչներից են ԵՄ իրավունքի ուսուցումը, իրազեկվածության բարձրացումը:

Նախագծի ընթացքում նախատեսվում է կազմակերպել աշխատաժողովների շարք Արդարադատության եվրոպական դատարանի, ԱԵԴ նախադեպային իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների ԵՄ չափանիշների վերաբերյալ: Աշխատաժողովները նախատեսված են դատավորների, դատախազների, փաստաբանների ու իրավաբանության ֆակուլտետի դասախոսների համար:
Նախագծի ընթացքում մշակվելու են կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների ծրագրեր ԵՄ իրավունքի և Արդարադատության Եվրոպական դատարանի վերաբերյալ:

Արդարադատության Եվրոպական դատարանի մոդելային դատախաղը՝ ԱԵԴ և դրա նախադեպային իրավունքի վերաբերյալ գործնական գիտելիքներ փոխանցելու լավագույն միջոցն է: Ծրագրի այս բաղադրիչը ուղղված է իրավաբանության ֆակուլտետների ուսանողներին, ինչպես նաև դասախոսներին, ովքեր հնարավորություն կստանան ձևավորել ԱԵԴ վերաբերյալ դասընթացի դասավանդման գործուն հմտություններ: Դատախաղի հաղթող թիմը մասնակցելու է «Ճանապարհորդություն դեպի Արդարադատություն» ծրագրին և ուղևորվելու է Լյուքսեմբուրգ՝ Արդարադատության Եվրոպական դատարանում ուսումնաճանաչողական այց իրականացնելու համար:
Նախագծի ընթացքում նախատեսվում է հրապարակել ԵՄ մարդու իրավունքների չափանիշների և Արդարադատության Եվրոպական դատարանի վերաբերյալ ձեռնարկ: Ձեռնարկում տեղ կգտնեն ԱԵԴ դատական գործերի ու վճիռների հայերեն թարգմանված տարբերակները, ԵՄ կողմից արված հանձնարարականների դրույթները և դրանք լավագույնս իրականացնելու վերաբերյալ ԻՊԱՍ մասնագետների մշակած առաջարկները: