images (1)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԽԹԱՆՈՒՄ»

2014 թվականի օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մասնակցել է ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային հանդիպմանը՝ ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ կառավարության, ՀՀ Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:
Կազմակերպության աշխատակից Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց Կոռուպցիոայի դեմ պայքարի խորհրդի և Հանձնախմբի վերաբերյալ: Մասնավորապես, ընդգծելով այն, որ Խորհուրդը կազմաված է այնպիսի անդամներից, որոնք ի պաշտոնե անկախ համարվել չեն կարող, իսկ ՀԿ-ների ներկայացուցիչների թիվը բավականին քիչ է` ընդամենը երկուսը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի կառուցվածքը, ինչպես նաև Հակակոռուպցիոն անկախ հանձնաժողովի ստեղծման կարևորությունը Հայաստանում:

 
Հասմիկ Հարությունյանը նշեց, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հարցերին քաղաքացիական հասարակության մասնակցության միտումը կարելի է դրական գնահատել: Այնուհանդերձ, ներկայիս վիճակում ՔՀԻ-երի մասնակցությունը դեռևս բավարար չէ և հասարակության մասնակցության, կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքի մասով դեռևս շատ անելիքներ կան: «Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից թեմայի վերաբերյալ ներկայացված միջազգային փորձի ուսումնասիրությունը ինչքան էլ գայթակղիչ լինի, չենք կարող մեխանիկական հղումներ տալ և լավագույն փորձի ներդրում իրականացնել ՀՀ-ում, քանի դեռ վեր չեն հանվել ՀՀ-ում առկա այն հիմնական խնդիրները, որոնք նպաստում են կոռուպցիոն ռիսկերի աճին և պրակտիկայի տարածմանը:

 
Հանդիպումն իրականացվեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:

 
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կարևորում է նման աշխատանքային քննարկումների մասնակցությունը և ողջունում արդյունավետ կառավարման ոլորտում իրականացվելիք ցանկացած հասարակական միջոցառում, քանի որ այդ ոլորտը ռազմավարական նշանակաություն ունի կազմակերպության համար: Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 1-ից Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորում» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում վերջին հինգ տարիներին հանրային կառավարան բարեփոխումների գնահատում իրականացնելն է, ինչպես նաև այսուհետ այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ապահովելը: