The Statement of Anahit Tarkhanyan: wife of Andreas Ghukasyan

The Statement of Anahit Tarkhanyan: wife of Andreas Ghukasyan,  President of the RA presidential candidate in 2013 and Chairman of the Board of Directors of Radio Hay

06.11.2017

Սկսած 2013 թ՝ այն պահից, երբ Անդրիաս Ղուկասյանը առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում և երկրում իշխանության հանդեպ ձևավորված մենաշնորհին մարտահրավեր նետեց, սկսվեցին մեր ընտանիքի համակարգված հետապնդումները, իսկ 2016 թ հուլիսին իմ ամուսնուն ապօրինի ձերբակալեցին կեղծ մեղադրանքով և արդեն 15 ամիս է, ինչ պահում են կալանքի տակ։ Այդ ողջ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները համոզում էին միջազգային հանրությանը, իրավապահ կազմակերպություններին և Հայաստանի հասարակությանը, որ Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելը չի հանդիսանում քաղաքական ընդդիմախոսի հետապնդում, այլ պայմանավորված է կատարված հանցագործությունների ծանրակշիռ ապացույցներով։

2017 թ օգոստոսի մեկին մեկնարկեց Անդրիաս Ղուկասյանի հանդեպ դատավարությունը, որին Հատուկ Քննչական կոմիտեն ներկայացրեց անցյալ տարվա ընթացքում հավաքած, ամուսնուս մեղավորության, այսպես կոչված, ապացույցները։ Արդեն իսկ քննության վերջին և դատավարության նախապատրաստման փուլերում, երբ հասանելի դարձան մեղադրող կողմի ապացույցները, ակնհայտ դարձան Անդրիաս Ղուկասյանի գործում աղաղակող իրավախախտումները, փաստերի նենգափոխումը և մանիպուլյացիան։ Փաստաբանները և Անդրիաս Ղուկսայանը դատախազին և դատարանին ներկայացրել են 35-ից ավել միջնորդություն, սակայն դրանք բոլորը մերժվել են, ինչով և խախտվել է մեղադրյալի գործուն պաշտպանության հիմնարար իրավունքը։ Արդեն 3 ամիս ընթացող դատավարության ապոթեոզը հանդիսացան մեղադրանքի գլխավոր վկա Գնունի շուկայի պահակ, երկու անգամ դատված, պարանոյիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժում ստացած Գեղամ Զելիմխանի Սահակյանի ցուցմունքները, որոնց վրա էին հենվում Հայաստանի իշխանությունները ։

Հարցաքննության առաջին իսկ րոպեից Սահակյանը կեղծ ցուցմունքներ էր տալիս, այդ թվում այնպիսի տարրական հարցերում, ինչպիսիք են ստացած կրթությունը, դատվածությունների առկայությունը, հոգեբուժարանում բուժվելու փաստը և այլն։ Արդեն այդ փուլում դատավորը և դատախազը դրսևորեցին վկայի անթաքույց քողարկում՝ այդպիսով խախտելով արդար դատավարության հիմնարար սկզբունքը։ Մեղադրողի կողմի գլխավոր վկայի հարցաքննության ընթացքում պարզվեց, որ նա արդեն երեք տարի է չի ստանում համապատասխան մասնագիտական բուժում, և այդուհանդերձ հենց իր ցուցմունքները ընկած են ողջ դատավարության հիմքում։ Հարցաքննության ընթացքում Սահակյանը շփոթում էր մանրամասները և տալիս էր հակասական ցուցմունքներ։ Հոկտեմբերի 31-ի դատական նիստը բացահայտեց Անդրիաս Ղուկասյանի դեմ առաջադրված մեղադրանքի չհիմնավորված և անհեթեթ լինելը և ամբողջապես զրոյացրեց Հայաստանի իշխանությունների պնդումը առ այն, որ իրենք ունեն հիմնավորված ապացույցներ Անդրիասին կալանքի տակ պահելու համար։ Սույն դատական նիստը կասկածների տեղիք չթողեց, որ Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը հանդիսանում է քաղաքական հետապնդում և կանխամտածված կերպով ընդդիմախոսի մեկուսացում՝ Հայաստանի իշխանության քաղաքականության հանդեպ քաղաքացիական դիմադրությունը և ընդդիմությունը թուլացնելու նպատակով։

21-րդ դարում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների առաջնայնությունը, Հայաստանի իշխանությունները չեն խորշում մանիպուլյացիայից և փաստերի նենգափոխումից, այդ թվում նաև միջազգային հարաբերություններում, սեփական քաղաքացիների և ընդհանրապես հանրության իրավունքների և ազատությունների ոտնահարման նպատակով։

Այսօր մեզ բոլորիս հարկավոր է միավորել քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, մտավորականության ջանքերը Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, բարձրացնելով միջազգային հանրության առջև սեփական քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարող բոլոր մակարդակների ղեկավարների պատասխանատվության հարցը, ընդհուպ մինչև անհատական պատժամիջոցների կիրառում։

 

Աղբյուրը՝ https://www.facebook.com/anahit.tarkhanyan/posts/924907480996410

 

EAP CSF Armenian national platform statement

The Annual 2017 Conference on “Human Dimension Implementation” Warsaw

Armenia: Limited Justice for Police Violence