Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկություններին

2017թ.-ի հոկտեմբերի 3-ին  ՀՀ Դատավորների Ընդհանուր Ժողովի Էթիկայի և Կարգապահական Հարցերի Հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) պատասխանել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ կազմված տեղեկանքին։

Որոշման մեջ Հանձնաժողովը տեղեկացրել է, որ  քննության է առնվել կազմակերպության կողմից ներկայացված տեղեկանքը, որտեղ մասնավորապես նշված է, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահող դատավոր՝ Ա. Գաբրիելյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահող դատավոր՝ Ա. Բեկթաշյանի կողմից Վահան Շիրխանյանի և «Սասնա Ծռեր» խմբի գործերով դատաքննության շրջանակներում իրականացվել են՝

  • «…. դատական նիստերին մասնակցող քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ»,
  • «…. փաստաբանների նկատմամբ դրսևորվող հետապնդումներ և ճնշումներ»,
  • «…. ամբաստանյալների նկատմամբ կիրառված բռնությունների և հետապնդումների վերաբերյալ դրսևորումներ»,
  • «… փաստաբանների և ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառում ու դատական նիստերից հեռացում» ինչի արդյունքում չեն պահպանվել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչները:

Հանձնաժողովի կողմից ներկայացվել են պատճառաբանություններ, ըստ որի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր են հանդիսանում արդարադատության իրականացնելիս դատավորի կողմից նյութական և դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որոնք կատարվել են չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:

Թվարկվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ  խախտման վերաբերյալ ՀՀ կարգավորող օրենսդրությունը և Արդարադատության խորհրդի կողմից այդ առնչությամբ կայացված որոշումները:

Հանձնաժողովը ուսումնասիրելով և ամփոփելով տեղեկանքում պարզված հանգամանքները, եկել է այն եզրահանգման, որ արդարադատություն իրականացնելիս Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահող դատավոր՝ Արտուշ Գաբրիելյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահող դատավոր՝ Արմեն Բեկթաշյանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական նորմերի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ:

Այդ հիմքով Հանձնաժողովը  2017թ. հոկտեմբերի 2-ին որոշում է կայացրել նշված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2017թ. հուլիս ամսին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից պատրաստվել է «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին» տեղեկանքը:

Կազմակերպության կողմից պատրաստված տեղեկանքը, որը ներառում է առաջարկությունների փաթեթ ներկայացվել է նաև այլ իրավասու մարմիններին՝ ՀՀ փաստաբանների պալատին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, դատական դեպարտամենտին, արդարադատության խորհրդին, գլխավոր դատախազությանը, ոստիկանությանը և այլն ակնկալելով հասնել ներկայացված շարունակական խախտումների դադարեցմանը և մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի ապահովմանը։

Տեղեկանքում արձանագրված է  նաև փաստաբանների անձնական զննության իրավաչափության խնդիրը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից (մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը), փաստաբանների և ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառումն ու դատական նիստերից հեռացնելն արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։

ՀՀ Դատավորների Ընդհանուր Ժողովի Էթիկայի և Կարգապահական Հարցերի Հանձնաժողովի 2017թ. հոկտեմբերի 3-ին ուղարկված պատասխանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝

ՀՀ Դատավորների Ընդհանուր Ժողովի Էթիկայի և Կարգապահական Հարցերի Հանձնաժողովի պատասխանը

 

https://prwb.am/new/hy/2017/10/09/%D5%B0%D5%B0-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80/

https://prwb.am/new/hy/2017/09/05/%D5%B0%D5%B0-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AB%D5%BA%D5%A1%D5%BD-%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2/

https://prwb.am/new/hy/2017/07/28/%D5%B0%D5%B0-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AB%D5%BA%D5%A1/

https://prwb.am/new/hy/2017/08/21/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D6%84-%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1-%D5%AE%D5%BC%D5%A5%D6%80-%D5%AD%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9/

 

post

The Ethics and Disciplinary Committee of the RA Council of Courts in Response to the Recommendations Submitted by the PRWB

INTERESTING POSTS