Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Սարի թաղի դեպքերով մասնակիցների գանգատները՝ ՄԻԵԴ-ում

Երեկ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների միջազգային դատարանը գրանցել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից Վահագն Ղումաշյանի գանգատները։ Նրանք «Սասնա ծռեր» խմբավորման ՊՊԾ գունդը գրավելուց հետո Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից հետո կալանավորվել էին, ըստ փաստաբանների, անօրինական։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մի խումբ փաստաբանների հետ համագործակցությամբ ՄԻԵԴ է դիմել հուլիսի 12-ին։ ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ առաջին անգամ են կիրառել Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը, ըստ որի պետությունը կիրառել է կալանքը որպես խափանման միջոց այլ նպատակներից ելնելով. «Մենք պնդել ենք և ներկայացրել ենք, որ պետությունն ունեցել է այլ նպատակներ, քան կոնվենցիայով ազատության իրավունքի սահմանափակման համար նախատեսված է։ Ներկայացվել է Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի մասով առ այն, որ վերջիններս հանդիսացել են քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք, և նրանք ենթարկվել են այդ պատժին և քրեական հետապնդմանը, քանի որ հանդգնել են իրենց ընդդիմադիր հայացքները բարձրաձայնել։

 

Որպես ապացույց ենք ներկայացրել այն հանգամանքը, որ որոշումն ինքին քաղաքական էր, քանի որ այն պահին, երբ միջազգային կազմակերպությունները ներկայացրեցին բացահայտ պահանջ այդ անձանց ազատազրկումը վերացնելու համար, դրան հետևեց իսկապես վերաքննիչ դատարանի որոշումը՝ կալանքը որպես խափանման միջոց ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ։

Վահագն Ղումաշյանի մասով խախտումն առավել քան ակհնայտ է, քանի որ մենք ունենք փաստ՝ դատարանի օրինական որոշում, որտեղ դատարանի որոշումն ըստ էության copy past է արված այլ անձի վերաբերյալ կայացած որոշումից, իսկ հետո դատարանը որպես վրիպակ է գնահատել Վահագն Ղումաշյանի անվան բացակայությունը».- նշում է Հայկուհի Հարությունյանը, հավելելով, որ փաստեր են ներկայացվել նաև այն մասին, որ Վահագն Ղումաշյանն իրեն վերագրվող արարքների իրականացման ժամանակ ֆիզիկապես այդ տեղանքում, որտեղ իբր այդ հանցագործությունը եղել է, նույնիսկ չի եղել։

«Եթե ՄԻԵԴ-ը բավարարի մեր ներկայացրած գանգատը, ապա երկու տեսակի միջոցառումների պահանջ կառաջացնի,- բացատրում է Հայկուհի Հարությունյանը,- առաջինը՝ անհատական, որը նշանակում է, որ կոնկրետ այն անձինք, ովքեր բարձրացրել են իրենց իրավունքների վերաբերյալ հարցը, պետք է ստանան նյութական փոխհատուցում իրենց խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումն ապահովելու համար։

Այստեղ մենք գործ ունենք ազատազրկման հետ և դատարանի պրակտիկայով ազատազրկման յուրաքանչյուր օրը դատարանը որպես այդպիսին ունի գնահատած համապատասխան արժեք։ Եվ երկրորդը՝ համակարգային միջոցառումների պարտավորությունն է, և մենք անկեղծ ասած շահագրգռված ենք այդ մասով, որ առհասարակ որպես կալանքը խափանման միջոց կիրառելու պրակտիկայի վերանայման պահանջ առաջադրվի պետությանը»։ ՄԻԵԴ-ի գանգատում խումբը լուրջ հիմնավորումներ է նարկայացրել, որ կալանքը կիրառվել է բացառապես այդ անձանց պատժելու նպատակով. «Նրանց քաղաքական հայացքների և նրանց կողմից դրսևորած ակտիվության համար, որը կարծես թե ազդակ է եղել, որպեսզի մյուսները հավաքի մասնակցիները կամ նման ցանկություն ունեցողները հեռու մնան նման մտադրությունից».- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։

Աղբյուրը՝ http://www.hraparak.am/?p=154250&l=am/sari+taxi+depqerov+masnakicneri+gangatnery%D5%9D+mied-um

post

https://prwb.am/2017/08/24/

INTERESTING POSTS