Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Բանտային առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի ներկայացում

2017թ. հունիսի 23-ին Էրեբունի Պլազայում կայացավ  Բանտային առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի ներկայացումը թեմայով կլոր սեղանը:

Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Արման Պողոսյանը, ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, քրեակատարողական վարչության աշխատակիցներ, բժիշկներ:

Կլոր սեղանին մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակիցը:

Ծավալուն քննարկում իրականացվեց  ՀՀ-ում բանտային առողջապահության ոլորտում իրավիճակը բարելավելու նպատակող ծրագրի աշխատանքային խմբի կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Ս. Քրմոյանի խոսքերով առաջիկայում կմշակվեն Բանտային առողջապահության ոլորտի առաջնային համակարգեր, որոնք կներդրվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Ինչպես նաև քրեակատարողական հիմնարկները  կհամալրվեն նոր բժշկական սարքավորումներով:

Ս. Քրմոյանը կարևորեց նաև քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկների անկախացումը, որի ժամանակ օրենսդրական մակարդակով կկարգավորվեն բոլոր ռիսկերը: Նրա խոսքերով, բժիշկները այսուհետև չեն ենթարկվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, այլ կլինեն անկախ:«Կլինեն բացառություններ, որոնց ժամանակ բժիշկը կարող է  դիմել քրեակատարողական հիմնարկին, եթե դատապարտյալի կամ կալանավորվածի մոտ հայտնաբերվել են խոշտագման դեպքեր, եթե կարիք կա դատապարտյալին տեղափոխելու այլ հիվանդանոց, եթե նրա մոտ  հայտնաբերվել են վարակիչ հիվանդություններ»-ասաց նա:

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանի խոսքերով բարեփոխումների ընթացքում կիրականացվի բժիշկների լիցենզավորման մասին օրենքի փոփոխություն և քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը ևս հնարավորություն կունենան լիցենզիա ստանալու:

Մասնակիցներին տեղեկացվեց նաև, որ կիրականացվի ծանր հիվանդությունների ցանկի վերանայում, վիճակագրական տվյալների բազան օգտագործելով, կմշակվեն հացադուլ հայտարարած դատապարտյալների, կալանավորվածների կարգավիճակի կանոնակարգում, որոնց ժամանակ հստակ կսահմանվեն նրան իրավունքները, կսահմանվեն բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ բժիշկների պարտականությունների սահմանումը և բանտային առողջապահության համակարգում բժիշկների վերապատրաստման պահանջների սահմանումը, կներկայացվեն խոցելի խմբերի՝ մասնավորապես, ցմահ դատապարտյալների, կանանց և անչափահասների բուժօգնության տրամադրման ուղեցույցեր:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դեռևս 2016թ-ին ներկայացրել էր իր «Կարծիքը»  ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին արձանագրային նախագծի վերաբերյալ:

Կազմակերպությունը գտնում է, որ ՀՀ քրեակատարո­ղական հիմնարկներում բժշկական ծառայու­թյունների արդիա­կանացման հայեցա­կարգում տեղ են գտել քրեակատարողական ոլորտում առողջապահության և բուժսպասարկման վերաբերյալ գոյություն ունեցող և բազմիցս քննարկման առարկա դարձած գրեթե բոլոր խնդիրները և դրանց առնչությամբ ներկայացվել է միջազգային լավագույն փորձը: Հայեցակարգում խնդիրների նման խորքային ներկայացումը ողջունելի է և հուսադրող՝ իրավիճակի բարելավման առնչությամբ:

Բարձրացված խնդիրների առնչությամբ ներկայացված լուծումներն ու առաջարկվող մեխանիզմները, սակայն, դեռևս թերի են կոնկրետության և իրատեսական լինելու առումով: Ինչը, ակնկալում ենք առավել հստակ կներկայացվի առանձին օրենսդրական ակտերում կատարվող փոփոխությունների միջոցով:

Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆայլում.

ԻՊԱՍ ԿԱՐԾԻՔ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Թեմային առնչվող նյութ.

http://moj.am/article/1793

INTERESTING POSTS