ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկությունները ԲԿԳ Հայաստանի 2016-2018թթ. գործողությունների ծրագրում ընդգրկելու համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներակայցրել է թվով 7 առաջարկություն Բաց կառավարման գործընկերության Հայաստանի երրորդ՝ 2016-2018 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկելու համար:
2015 թ.-ից ԻՊԱՍ-ը հանդիսանում է «Բաց կառավարման գործընկերության» Հայաստանի անդամ:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:

Կազմակերպության կողմից ներկայացված առաջարկություննները ներկայացված են ստորև.

1. Ներկա իրավիճակ
Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների համաձայն իրավական ակտի նախագծի հրապարակումից հետո 15-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց առաջարկությունները: Նախագիծը մշակած մարմինը սակայն չունի որևէ պարտավորություն քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկներին ի պատասխան նշել, թե որ առաջարկներն են ընդունվել, որոնք են մերժվել՝ ինչ հիմնավորմամբ:
Պարտավորությունը իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրականացվեն հետևյալ գործողությունները՝
• Փոփոխություններ իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներում
• Նախագիծը մշակած մարմինների համար իրենց ներկայացված առաջարկությունների ընդունման կամ մերժման վերաբերյալ գրավոր պատասխան ներկայացնելու պարտականության սահմանում:

2. Ներկա իրավիճակ
2015 թվականի ուսումնասիրության ընթացքում բազմաթիվ անգամներ արձանագրվել է, որ gnumner.am կայքի փնտրման դաշտը չի արձագանքում համապատասխան հարցումներին, ինֆորմացիա տեղադրված չէ կամ ինֆորմացիան տեղադրված է թերի:
Պարտավորությունը իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրականացվեն հետևյալ գործողությունները՝
• Պետական գնումներին վերաբերող յուրաքանչյուր պայմանագրի կնքումից հետո 3-օրյա ժամկետում տեղադրել պայմանագրի վերաբերյալ հաշվետվությունը
• Հաշվետվությունների վերնագրերում ավելացնել պետական մարմնի, ինչպես նաև գնված ապրանքատեսակի ամբողջական անվանումները
• gnumner.am կայքում ավելացնել նաև «ընդլայնված որոնման» դաշտը, որը հնարավարություն կտա գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը ըստ համապատասխան կատեգորիաների՝ 1. պետական մարմին, 2. գնման առարկայի անվանում, 3 կնքված պայմանագրի համար, 4. պայմանագրի կնքման ամսաթիվ/տարեթիվ։

3. Ներկա իրավիճակ
Ներկայումս գրեթե բոլոր նախարարությունների կայքերը տեղեկություն են պարունակում միայն պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների և դրանց ծախսման վերաբերյալ։ Կայքերում տեղեկատվություն չկա տվյալ նախարարության կողմից գնումների գործընթացի արդյունքում կնքված պայամանագրերի, դրանց իրականացման և արդյունքների վերաբերյալ։
Պարտավորությունը իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրականացվեն հետևյալ գործողությունները՝
• ՀՀ բոլոր նախարարությունների կայքերում առանձին բաժնում տեղադրել իրականացված գնումների պայմանագրերի հաշվետվությունները, ինչպես նաև տեղադրել ձեռք բերված ապրանքատեսակների նպատակային և արդյունավետ օգտագործման վերաբերյալ մանրամասն հաշվետվություններ։

4. Ներկա իրավիճակ
Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ՀՀ-ում հանրային քննարկումների պարտադիր անցկացման պահանջը նախատեսված է միայն իրավական ակտի պատրաստի նախագծի վերաբերյալ: Նախագիծը մշակող մարմինը իր նախաձեռնությամբ սակայն, կարող է կազմակերպել և անցկացնել նախնական /մինչև իրավական ակտի նախագծի մշակումը/ հանրային քննարկումներ: Սա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը մասնակցություն է ցուցաբերում իրավական ակտերի մշակմանը միայն դրանց հայեցակարգը և նախագծով ամրագրված հիմնական դրույթները ամրագրված լինելուց հետո և ոչ թե իրավական ակտի գաղափարի մշակման փուլում: Նման կարգավորման պատճառով մասնավոր հատվածն ու քաղաքացիական հասարակությունը հնարավորություն չի ունենում իրավական ակտի մշակման ամենասզբից մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին և ներկայացնել մոտեցումները:
Պարտավորությունը իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրականացվեն հետևյալ գործողությունները՝
• Փոփոխություններ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում
• Փոփոխություններ Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներում
• Իրավական ակտի ընդունման գաղափարի քննարկումներին բոլոր շահագրքիռ մարմինները՝ ներառյալ քաղաքացիական հասարակության մասնակցություն:

5. Ներկա իրավիճակ
ՀՀ Կառավարության կայքէջը տեղեկություն է տրամադրում տարբեր իրադարձությունների վերաբերյալ, նաև օնլայն հարթակով տրամադրվում է աջակցություն և տեղեկատվություն, սակայն պրակտիկայում մեծամասամբ կապը հաստատվում է թղթային հաղորդակցության կամ ուղղակի ներկայանալու միջոցով:
Պարտավորությունը իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրականացվեն հետևյալ գործողությունները՝
• Էլեկտրոնային կառավարման վերաբերյալ վերապատրաստումների անցկացում հանրային ծառայողների համար
• Առկա էլեկտրոնային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում հեռուստատեսությամբ և մամուլով:

6. Ներկա իրավիճակ
ՀՀ-ում գործող Datalex Դատական տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն է տալիս տեղեկություն ստանալ դատական գործերի, նիստերի ժամանակացույցի մասին: Համակարգը սակայն փաստաթղթերի էլեկտրոնային ներմուծման հնարավորություն չի ընձեռում: Կայքէջի միջոցով ուղարկված էլեկտրոնային նամակները չեն համարվում պաշտոնական, դրանք ունեն սոսկ տեղեկատվական բնույթ և ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության:
Պարտավորությունը իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրականացվեն հետևյալ գործողությունները՝
• Տեխնիկական լուծումների վերաբերյալ քննարկումների անցկացում
• Իրավասու մարմիններիկարողությունների վերապատրաստում
• Հանրային իրազեկվածության բարձրացում առցանց հաղորդակցության հնարավորությունների վերաբերյալ:

7. Ներկա իրավիճակ
Պետական կառավարման ոլորտի բարեփոխումների ծրագրերի արդյունքում պետության կողմից որևէ հաշվետվություն և արդյունքների ո՛չ երկարաժամկետ ո՛չ էլ կարճաժամկետ գնահատում չի իրականացվում: Հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը մշակելիս նախորդի արդյունավետության գնահատում և արդյունքների ամփոփում չի իրականացվում, ինչպես նաև նույն գործողությանն առաջնայնություն տրամադրելու և այն հաջորդ տարվա ծրագրում վերարտադրելու համար որևէ բացատրություն չի գործում: Կառավարության առջև դրված տարբեր խնդիրներ և նպատակներ նույնությամբ կրկնվել են 2013, 2014 և 2015 թվականների գործողությունների ծրագրերում: Կառավարության առջև դրված խնդիրները որոշ դեպքերում կրկնվում են՝ ներառվելով այլ ավելի մեծ խնդիրների շրջանակներում։ Արդյունքների ամփոփում իրականացվել է միայն report.gov.am կայքում, սակայն այդ կայքը 2011 թվականից հետո չի թարմացվել և վերաբերում է միայն 2007-2011 թվականներին։

Պարտավորությունը իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի իրականացվեն հետևյալ գործողությունները՝

• Պետական կառավարման բարեփոխումներին ուղղված ծրագրերի արդյունքների ներկայացում report.gov.am կայքում։ Կայքի պարբերական թարմացում։
• Պետական կառավարման բարեփոխումներին ուղղված ծրագրերի արդյունքների գնահատման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում։