Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Մասնակցություն Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի 14-րդ հանդիպմանը

2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում կազմակերպված Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի 14-րդ հանդիպումը:

Հայաստանի հակակոռուպցիոն գործողությունների պլանի երրորդ մոնիթորինգային զեկույցի քննարկմանն ու ընդունմանը որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակցել է նաև “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ-ն` հանձին կազմակերպության աշխատակից Հասմիկ Հարությունյանի:

Հանդիպումը նպատակ էր հետապնդում`

  • Ընդունել Հայաստանի և Կազախստանի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի երրորդ մոնիթորինգային զեկույցը, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Կիրգիզիայի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի ընթացիկ զեկույցները:
  • Խորհրդակցական խմբի հետ քննարկել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի կոռուպցիայի կանխարգելման թեմատիկան, նախնական ուսումնասիրություններն ու քաղաքականության հանձնարարականները:
  • Քննարկել քաղաքացիական հասարակության դերը հակակոռուպցիոն բարեփոխումների և դրանց արդյունավետության գործում:

Հանդիպման առաջին օրը կազմակերպությունը մասնակցել է Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների պլանի նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիթորինգի հատուկ նստաշրջանին, որի շրջանակներում քննարկվել է Քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիթորինգի իրականացման ձեռնարկը:

Քննարկմանը հաջորդել է ՀՀ կառավարության մոնիթորինգն ու արդյունքների քննարկումը, որը ավարտական տեսք է ստացել երրորդ մոնիթորինգային զեկույցի ընդունմամբ:

Կազմակերպությունը կարևորում է հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների իրականացմանը հասարակական կազմակերպությունների մասնակցությունն ու դրա շրջանակներում այլընտրանքային զեկույցի ներկայացումը: Վերջինս ապահովվում է ծրագրի շրջանակներում գործող այլընտրանքային մոնիթորինգի միջոցով, որի շրջանականերում ոչ հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ստանում մասնակցել Ստամբուլյան հակակոռուպցիոն մոնիթորինգի բոլոր փուլերին:

Մասնակցության հիմնական եղանակը մոնիթորինգի նախնական փուլում Կառավարությանը զուգահեռ հատուկ գնահատման հարցաթերթիկի լրացումն է: Ինչից հետո ՀԿ-ները մասնակցում են ինչպես տեղում իրականացվող քննարկումներին, այնպես էլ եզրափակիչ հանդիպումներին, որի ժամանակ քննարկվում և ընդունվում է մոնիթորինգային զեկույցը: Այնուհետ, ՀԿ-ները կարող են մասնակցություն ցուցաբերել նաև առաջընթացի զեկույցի քննարկումներին:

Կազմակերպության ներկայացուցչի խոսքերով այլընտրանքային մոնիթորինգը կարևոր գործիք է, որը պետք է ՀԿ-ները պրակտիկայում կիրառեն և պետության հակակոռուպցիոն քաղաքականության և իրականացվող քայլերի վերաբերյալ տեղեկատվության այլընտրանքային աղբյուր հանդիսանան: Սա, ինչ խոսք, կնպաստի զեկույցների կազման օբյեկտիվությանն ու օրինականությանը, և հետագայում նաև տեղ գտած հանձնարարականների արդյունավետ իրագործմանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը սոցիալ-տնտեսական համագործակությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է, որի անդամ է 34 պետություն։ Անդամ պետոությունները փորձում են համատեղ լուծում տալ տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների և իրենց արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել այդ գործընթացներին։ Հակակոռուպցիոն ցանցը ՏՀԶԿ Կոռուպցիայի դեմ պայքարի Աշխատանքային խմբի ներքո ստեղծված տարածաջրջանային ծրագիր է, որը 2003 թվականից ի վեր իրականացնում է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի ենթատարածաշրջանային վերանայման ծրագիրը:

INTERESTING POSTS