Մամուլի ասուլիս. «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով

2014թ. հուլիսի 25-ին ժամը 12:30-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Մեդիա կենտրոն»-ում /Սարյան 30, 2-րդ հարկ/ մամուլի ասուլիս է հրավիրում «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով:

Ասուլիսի ընթացքում կներկայացվի «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն էր՝ պարզել ՀՀ դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ հայալեզու էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներում արծածվող հիմնախնդիրներն ու դրանց մեկնաբանության առանձնահատկությունները: Հետազոտության համար ընտրվել են 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի մայիսի 31-ը հրապարակված նյութերը: Վերլուծության ընթացքում ուսումնասիրվել են շուրջ 26 էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներ:

Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ արդարադատության համակարգի նկատմամբ հասարակական վստահության աստիճանը ցածր է: Մյուս կարևոր խնդիրն է ընտրողական արդարադատությունը և օրենքի խախտման կիրառությունը: Հանրության շրջանում այն համոզմունքն է տարածված, որ դատարանները, կախված կոնկրետ գործից և անձից, խտրական մոտեցում են ցուցաբերում: Լրատվամիջոցներում հանդիպում են տեղեկություններ, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգում կատարվող կոպիտ խախտումներին, օրինակ՝ դատավորի կողմից բռնության գործադրման, դատավորի կողմից ակնհայտ ապօրինի որոշումների կայացման, դատական նիստերի անհիմն հետաձգումների՝ ամբաստանյալի՝ կալանավորված լինելու պարագայում: Էլեկտրոնային լրատվամիջոցներում դատախազությունը որոշ դեպքերում դիտարկվում է որպես իշխանությունների պատվերով ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնող մարմին:

Արդարադատության համակարգի նկատմամբ հասարակական վստահությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, որը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց թվում կարելի է նշել համակարգի գործունեության արդյունքում արդարության և անկողմնակալության արժեքների ոտնահարումը: Այս ընկալման հիմքում ընկած է կասկած դատական իշխանության կոռումպացվածության և գործադիր իշխանությունից կախվածության, ՀՀ դատարանների և հատկապես Վճռաբեկ դատարանի որ թափանցիկ և ոչ կանխատեսելի գործունեության վերաբերյալ:

Ասուլիսին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր Դատակախություն, Դատական դեպարտամենտ:

Լրացուցիչ հարցերի համար՝ խնդրում ենք կապվել ԻՊԱՍ-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Շողինե Սողոմոնյանի հետ.
Հեռ՝ +374 (98)/(10) 505 303
Էլ-փոստ՝ shoghine@prwb.am