Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Վարշավա.«Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողով 2017

2017 թվականի սեպտեմբերի 11-ից 22-ը Վարշավայում անց է կացվել «Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողովը, որի շրջանակներում ԵԱՀԿ անդամ 57 երկրներ ներկայացրել և քննարկել են  ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած մարդու իրավունքների պարտավորությունների կատարման վիճակը:

Համաժողովին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացրել է կազմակերպության իրավական փորձագետ՝ Արաքս Մելքոնյանը և ներկայացրել դիտարկումներ Հայաստանի Հանրապետությունում խոշտանգումների կանխարգելման և քննության, ինչպես նաև դատական իշխանության անկախության վերաբերյալ:

Անդրադառնալով խոշտանգումների կանխարգելմանը նա մասնավորապես նշել է, որ «չնայած խոշտանգումների հասկացությունը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխվել է, սակայն այն չի ներառում վատ վերաբերմունքի այլ ձևերը, և պրակտիկայում խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի դրսևորումները պատշաճորեն չեն որակվում և արդյունավետ քննության չեն ենթարկվում: Իրականացված խոշտանգումները որակվում են որպես պաշտոնական լիազորությունների անցում, ինչը, ըստ ներպետական օրենսդրության, չի ապահովում տուժողների պաշտպանությունը, ներառյալ վերականգնումը և փոխհատուցումը: Ինչպես փաստում է պետության կողմից ներկայացված վիճակագրական տվյալները, կատարված փոփոխություններից հետո «խոշտանգում» հոդվածի ներքո որևէ քրեական գործ չի ուղարկվել դատական քննության:

Խնդրահարույց է նաև, որ ՀՀ-ում 2016թ. հուլիսի 17-ից 30-ը խաղաղ հավաքների  ընթացքում  ոստիկանության գործողությունները պատշաճ կերպով քննության չեն առնվել, չնայած բավարար ապացույցների այն, որ ոստիկանները և մի շարք քաղաքացիական անձինք հավաքների իրականացման ժամանակ բռնության են ենթարկել հավաքի մասնակիցներին և հավաքը լուսաբանող լրագրողներին:

Նշված իրադարձություններից մեկ տարի անց նախաքննությունը ավարտված չէ և ոստիկանության  ոչ մի աշխատակից ներգրաված չէ որպես կասկածյալ կամ մեղադրյալ, չնայած առկա բազմաթիվ ապացույցների: Իշխանությունների կողմից բացառապես աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետը, և մի քանի ոստիկանների նկատողություն է հայտնվել:

2016թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին իրենց բարձր պրոֆեսոինալիզմի համար, լրագրողներին կոչ արեց տեղի ունեցած դեպքերը, իսկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետը, Ոստիկանության զորքերի պետը նախագահի կողմից արժանացան նոր կոչումների և պարգևների:

Պետության նախագահի նման վարքագիծը փաստում է ոստիկանության բռնությունների նկատմամբ հանդուրժողականության մթնոլորտի, ավելին՝ աջակցության մասին, հետևաբար պետական մարմինների կողմից անկախ քննությունն հուլիսյան դեպքերի առնչությամբ իրանացվել չի կարող, իսկ քննության ձգձգումներն ապացուցում են դա:

Ոստիկանության աշխատակիցների հովանավորությունը և բռնության վերաբերյալ նման գնահատականը, հանգեցնում է նմանատիպ դեպքերի կրկնությանը:  Օրինակ, 28 հունիսի 2017թ. Սասնա Ծռերի 5 անդամներ ոստիկանության կողմից բնության են ենթարկվել հենց դատարանի շենքում, ինչն ինքնին աննախադեպ էր: Այս դեպքի առնչությամբ նույնպես քրեական գործը հարուցվել է պատշոնեական լիազորություններն անցնելու հանցակազմով, սակայն մասնակից որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, ավելին՝ նույն խումբ շարունակում է ուղեկցել ամբաստանյալներին դեպի դատարան և շարունակել նրանց նկատմամբ սպառնալիքները, ինչպես փաստում են վերջինների փաստաբանները:

Արաքս Մելքոնյանը կոչ է արել  ՀՀ իշխանություններին իրականացնել արդյունավետ, անկախ և բազմակողմանի քննություն, իսկ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին ուշադրություն դարձնել իրականացվող քննության ընթացքին և արդյունքներին:

ՀՀ-ում դատական իշխանության անկախության խնդիրները ներկայացվել են կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու համատեքստում: Մասնավորապես, Ա. Մելքոնյանը նշել է, որ «ըստ 2017թ. առաջին վեցամսյակի ընթացքում վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների 95 տոկոսը բավարարվել, մասնավորապես ներկայացված 1215-ից վավերացվել են 1155 միջնորդություններ, իսկ կալանքը երկարացնելու վերաբերյալ 733 միջնորդություններից բավարարվել է՝ 718-ը:

Խնդրահարույց է նաև «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի՝ ավելի քան 12 ամիս տևող կալանքը: Ա. Ղուկասյանը վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկված միակ անձն է, որի կալանքը չի փոփոխվել և որը շարունակում է մնալ անազատության մեջ: Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են ավելի քան 16 դռնփակ դատական նիստերի ընթացքում:

Մինչդեռ Անդրեաս Ղուկասյանի հետ նույն հիմքով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ մասնակցելու համար քրեական հետապնդումների ենթարկված մյուս անձանց, այդ թվում՝ Արմեն Մարտրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի կալանքը փոխարինվել է գրավով և նրանք ազատ են արձակվել: Տվյալ պարագայում գործել է միջազգային կազմակերպությունների ազդեցությունը և ճշնումը:

Ղուկասյանի գործը բացառիկ է նաև այն առումով, որ ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել նրան, թե արդյո՞ք Անդրեաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Ստանալով Անդրեաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառված կալանքը շարունակելու վերաբերյալ:

Նման փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը և շարունակական ազատազրկումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով»:

ԻՊԱՍ-ի  կողմից ներկայացված խնդիրներին, որոնք ամփոփված են «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի 17-30» զեկույցում և  «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին» տեղեկանքում անգլերեն տարբերակով կարող եք ծանոթանալ կից հղումներով.

 

Փաստաթղթեր՝

http://www.osce.org/odihr/352121?download=true

http://www.osce.org/odihr/352126?download=true

 

Տեսանյութեր՝

Սեսիա 12, 01:26:25

 Սեսիա 13, 2:27:25

 

 

http://www.osce.org/odihr/hdim_2017

 

https://prwb.am/new/hy/2016/09/20/annual-human-dimension-implementation-meeting-hdim-started-september-19-2016-warsaw/

post

The Annual 2017 Conference on “Human Dimension Implementation” Warsaw

INTERESTING POSTS